Ըստ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության նախնական կանխատեսումների՝ դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ:
«Ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Փետրվարի 18-ի գիշերը հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -30, Ծաղկահովտում -28, Գավառում , Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում -26…-27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում -23…-24, Արարատյան դաշտում -18…-22 աստիճանի: