17 սեպտեմբերի 2007 - 20:34 AMT
ՄԱԿ-ի ձեւաչափը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համար
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխանցվել է ԵԱՀԿ-ին ՄԱԿ-ի որոշմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, կարգավորման հարցի փոխանցումը մեկ այլ ատյան պետք է բխի կողմերի որոշումից եւ ԵԱՀԿ ՄԽ-ից: «ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրր իրավունք ունի ներկայացնել բանաձեւերի նախագծեր, դրանք կարող են ընդունվել Գերագույն վեհաժողովի կողմից, սակայն ունեն զուտ խորհրդատվական բնույթ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը սխալ կլինի ՄԱԿ տեղափոխել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական եւ դիվանագիտական տեսակետներից»,-ընդգծել է ռուս համանախագահը: Միեւնույն ժամանակ Յուրի Մերզլյակովը խորհուրդ տվեց չորոնել հակասություններ համանախագահների հայտարարություններում եւ չհարցնել բանակցային գործընթացի մանրամասների մասին:

Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ ՄԱԿ-ի ձեւաչափն անընդունելի է ԵԱՀԿ ՄԽ-ի համար ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: