Իրանի կառավարությունը հավանություն է տվել Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագրին, որը ստորագրել էին երկրները: Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան իրանական ԻՐԻԲ գործակալության վրա հղումով:
Մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարած այցի ժամանակ:
Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին: