22 փետրվարի 2017 - 09:29 AMT
Հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է մոտ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է մոտ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: