22 փետրվարի 2017 - 11:33 AMT
Ծխախոտը կհանվի Զինված ուժերի պարենային հատկացումներից

ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիրի փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժաղովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:

«Միաժամանակ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է»,- նշվում է որոշման նախագծում:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: