22 փետրվարի 2017 - 12:06 AMT
Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայի MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայi Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ:

MUNDUS VINI մրցանակաբաշխությունը անցկացվում է 2001-ից և համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։

Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամի կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ ոսկի, ոսկի և արծաթ մրցանակներին։

Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։ Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝ Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines, Վայք Գրուպ ՓԲԸ, Օլդ Բրիդջ ՍՊԸ, Քյօշ ՍՊԸ, Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ,Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս, Գետնատուն ՍՊԸ, Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor, Արտաշատ Վինկոն ՓԲԸ, Անուշ-1 ՍՊԸ - Կատարո, Մեծ Սյունիք ՓԲԸ, Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines, ՎանԱրդի ՍՊԸ, ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines, Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ, Մարան ՍՊԸ, Տրինիտի ՍՊԸ, Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ, Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) կողմից:

2016-ի հունիսին Լիտվայի «LITEXPO» կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 տեսականի։ 2016-ի հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:

2017-ի փետրվարին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով ներկայացվել է 12 հայկական գինեգործական ընկերություն, որոնք ցուցադրել են ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինի։