19 սեպտեմբերի 2007 - 18:07 AMT
Իտալիան աջակցում է եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի ԱԳՆ նախկին պետական քարտուղար Ումբերտո Ռանիերիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ շփումների կապակցությամբ: Նախարար Օսկանյանը կարեւորեց ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակում փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես առանձնացնելով գյուղական շրջանների զարգացման ծրագրերը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ:

Իր հերթին, Ումբերտո Ռանիերին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Պարոն Ռանիերիի խոսքով իրենց նպատակն է աջակցել եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: