22 փետրվարի 2017 - 17:40 AMT
Լավրով. ՌԴ-ն անտարբեր չէ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ճակատագրի հանդեպ

ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկությունները կարող են նպաստել Երևանում այդ կազմակերպության գրասենյակի փակման վերաբերյալ բանավեճից ելք գտնելուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

«Ինձ թվում է վերջին առաջարկը, որը պատրաստել է կազմակերպությունում նախագահող Ավստրիան, կլուծի առաջացած հարցերը: Հուսով եմ, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի վերադառնալ առաջիկայում և որ ԵԱՀԿ համար այս ոչ այնքան լավ իրավիճակից կհաջողվի ելք գտնել»,-ասել է Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը նշել է, որ ՌԴ-ն անտարբեր չէ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի հանդեպ: «Մենք միշտ սատարել ենք այն սկզբունքին, որ երկրներում բյուրոները, գրասենյակները բացվում են ըստ անդամ պետության ցանկության: Սակայն, տվյալ դեպքում մեզ համար միևնույն չէ, քանի որ այդ բյուրոն գլխավորում է ՌԴ քաղաքացի»,-ասել է Լավրովը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, ապա դրանք պետք է համապատասխանեն ԵԱՀԿ սկզբունքներին և չպետք է կասկածներ առաջացնեն: Տվյալ դեպքում կասկածներ են առաջացել մեր ադրբեջանցի գործընկերների մոտ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում: