22 փետրվարի 2017 - 18:24 AMT
Առաքելյան-Դավիթաշվիլի. Համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը

Գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը: Այս մասին հայտարարվել է փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ևՎրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիիհանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրի միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրի համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի արտադրությամբ զբաղվող գործարաններ և գինու թանգարան: