22 փետրվարի 2017 - 18:51 AMT
Amnesty International. ՀՀ ոստիկանությունը 2016-ի հուլիսին անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ

2016-ի հուլիսին հայաստանյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու նպատակով: Այսպես է ասված միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Amnesty International-ի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին նվիրված տարեկան զեկույցում:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են կամայական ձերբակալել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, բերման ենթարկվելու և ձերբակալության ընթացքում շատերը վիրավորվել էին, ծեծի ենթարկվել կամ այլ տեսակի դաժան վերաբերմունքի արժանացել», - նշում են իրավապաշտպանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զեկույցում հեղինակները նաև նշում են. «Տարին աչքի ընկավ քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող մտահոգությունների աճով: Դրանց պատճառը Ադրբեջանից անջատված և Հայաստանի աջակցությունը վայելող Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ ռազմական հակամարտությունն էր, որը սկիզբ առավ ապրիլին»:

Որպես 2016-ի կարևորագույն հայաստանյան իրադարձություն նրանք հիշատակում են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:

Փետրվարի 22-ին հրապարակված զեկույցի համաձայն` Հայաստանին առնչվող գլուխը հիմնականում նվիրված է անցած տարվա հուլիսյան իրադարձություններին և դրանց զուգահեռ ծավալված բողոքի գործողություններին, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, այդ ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին:

Amnesty International-ի հրապարակած փաստաթղթում առավել շատ են ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու մասին պնդումները:

«Հուլիսի 20-ին ոստիկանությունն արգելեց ցուցարարներին սննդամթերք փոխանցել ոստիկանական ստորաբաժանման տարածքում դիրքավորված խմբի անդամներին: Ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք սկսեցին հրել ոստիկաններին, նրանց ուղղությամբ քարեր և ջրի շշեր նետել: Ոստիկանությունն ի պատասխան առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց` վիրավորելով խաղաղ ցուցարարներից և պատահական անցորդներից շատերին: Ականատեսներից մի քանիսի պնդմամբ ոստիկանները հետապնդում էին փախչող ցուցարարներին և ձերբակալությունից առաջ նրանց ծեծի ենթարկում: Այդ օրը 136 մարդ ձերբակալվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին», - նշում են զեկույցի հեղինակները:

Նույնքան մանրամասնորեն Amnesty International-ի փորձագետները անդրադառնում են հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին` հատուկ ընդգծելով․ «Այդ օրը Սարի թաղում` գրավված ստորաբաժանման հարևանությամբ, ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանությունը հավաքվածներից պահանջեց ցրվել, քիչ անց առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց ցուցարարների հանդեպ` վիրավորելով տասնյակ ցուցարարների և լրագրողներից մի քանիսին: Սրան էլ հաջորդեց ոստիկանական շղթան հատած, մահակներով զինված մի խումբ տղամարդկանց դարանակալ հարձակումը ցուցարարների և լրագրողների վրա»:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի հեղինակների, հուլիսի 29-ի իրադարձությունների ընթացքում 60 մարդ վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց:

«Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած շաբաթներին ոստիկանության հինգ աշխատակիցների լիազորությունները` «անհամաչափ ուժ կիրառելու համար» դադարեցվեցին: Երևանի ոստիկանության ղեկավարը հեռացվեց պաշտոնից, ևս 13 ոստիկան, այդ թվում բարձրաստիճան սպաներ, նկատողություն ստացան` «լրագրողների և ցուցարարների դեմ հարձակումները կանխելու գործում թերանալու համար», - նշում են Amnesty International-ի մասնագետները:

Զեկույցի հեղինակների պնդմամբ, հուլիսի 17-ին պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած շրջանում մոտ 200 մարդ` հիմնականում ընդդիմության աջակիցներ և քաղաքացիական ակտիվիստներ, ենթարկվել են կամայական ձերբակալությունների` երբեմն ընդհուպ մինչև 12 ժամ պահվելով ոստիկանության բաժանմունքներում:

Հուլիսյան իրադարձություններից բացի զեկույցում հիշատակված են նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի շուրջ ծավալված իրադարձությունները` մասնավորաբար 2016-ի փետրվարին նրա նկատմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բռնություն կիրառելու փաստը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: