23 փետրվարի 2017 - 13:05 AMT
Իրաքի բանակը սկսել է Մոսուլի օդանավակայանի գրոհը

Իրաքի անվտանգության ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ սկսել են գրոհել Մոսուլի օդանավակայանը: Օդանավակայանը գտնվում է արևմտյան Մոսուլում, այն վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները:

Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով:

«Արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունը և հակաահաբեկչական ստորաբաժանումները գրոհել են Մոսուլի ռազմական օդանավակայանն ու Ալ Գազլյանիի ռազմական ճամբարը»,-հայտնել է Մոսուլի պետական հեռուստատեսությունը, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: