23 փետրվարի 2017 - 12:48 AMT
Բակո Սահակյան. Մեր երկիրը պաշտպանում ենք բոլորով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին և իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին»:

«Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի եւ անփորձանք ծառայություն»,-ասվում է Արցախի նախագահի ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հայրենիքի պաշտպանի օրը փետրվարի 23-ին տոնում են ՌԴ-ում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում և ԱՊՀ այլ երկրներում: Հայաստանում փետրվարի 23-ը նշվում է «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ և Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով: