ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ջրբացթողումների ընթացքում ջրակորուստներին:
Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվոմ է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ կան բավական մեծ ջրային կորուստներ:
Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մինչև Սևանա լճից ջրի բացթողումն այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը:
«Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել», - ընդգծել է վարչապետը:
Վարչապետը նշել է նաև, որ առաջարկում են ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին մասնակցել վերոնշված խնդրի կարգավորմանը, գրում է Panorama.am-ը:
2002-ից սկսած կրճատվեցին Սևանա լճից ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում: