23 փետրվարի 2017 - 14:10 AMT
ՀՀ-ում ընդերքի գործակալություն է ստեղծվել

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով, նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված էր նախարարության գործառույթների լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ։

«Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են և կարող են իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Մյուս կողմից հաշվի առնելով, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է, ինչի արդյունքում նվազել է նախարարության ընդերքի վարչության ծանրաբեռնվածությունը, ուստի աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար էր այդ ստորաբաժանումների միաձուլումը», - ասել է Ղահրամյանը:

2016-ի հոկտեմբերին վարչապետը հանձնարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ 3 շաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն, մասնավորապես՝տրված թույլտվությունները ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները։