23 փետրվարի 2017 - 16:52 AMT
ՊԲ խոսնակ. Բաքվի ապատեղեկատվությունից կարելի է եզրակացնել` հերթական սադրանքն են պատրաստում

Բաքվի ապատեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ պատրաստվում է հերթական սադրանքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությանը հայկական ուժերի վերախմբավորման մասին:

Փետրվարի 23-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդել են, թե իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»:

«Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության», այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել... », ասվում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ:

Հասրաթյանն իր գրառումն ավարտել է հետևյալ եզրակացությամբ. «Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից.. ».