Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած արդյունքի անիմաստ ու կեղծ տվյալներով հայտարարությամբ: Այս մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ՝ ԵՄ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Փետրվարի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով:
Թաթոյանի խոսքով, Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած որևէ արդյունքի այս անիմաստ ու կեղծ տվյալներով հայտարարությամբ: Նա շեշտել է՝ Եվրախորհրդարանի պատգամավորները Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում, ինչպես արդեն պաշտոնապես հերքվել է ՀՀ ոստիկանության կողմից:
«Ալեքսանդր Լապշինի գործին հակադարձ նախադեպի սկզբունքով միջազգային գործիչների ու լրագրողների այցերն Արցախ դառնալու են ավելի հաճախակի: Դրան նպաստելու են Ադրբեջանի հենց այսպիսի արատավոր քայլերը: Դրա վառ ապացույցն էր ընդամենը մի քանի օր առաջ Արցախի նոր Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրից 104 միջազգային գործչի այցն Արցախ: Նրանք բոլորը, այդ թվում՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարուսը, Յարմիր Շտետինը իրական ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ են:
Միջազգային հյուրերի այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու միշտ էլ կհամարվեն իրավաչափ», - ասել է ՀՀ ՄԻՊ-ը:
Նա հավելել է. «Իմ կատարած աշխատանքով ու այս հայտարարությամբ պատասխանատու հանձնառություն եմ ստանձնում կարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով աշխատելու աշխարհում Արցախի ժողովրդավարական ճանաչումն ապահովելու ուղղությամբ:
Ժամանակն է իրավական վարկաբեկման ենթարկելու ու ոչնչացնելու «սև ցուցակ» կոչվող երևույթը. ադրբեջանական որևէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել Արցախի ժողովրդավարական զարգացման ընթացքը»: