Իսպանացի գիտնականները, հնարավոր է, առաջընթաց են գրանցել ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի որոնումներում, որը կօգնի իմունային համակարգին պայքարել վիրուսի դեմ:
Բարսելոնայում աշխատող գիտնականներն օգտագործել են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Տոմաշ Հանկեի մշակած պրեպարատը: Հետազոտությունները շարունակվում են Բարսելոնայի 3 հիվանդանոցում, գրում է TUT.BY-ը Science News-ի վրա հղումով:
13 կամավորներ ենթարկվել են «թերապևտիկ պատվաստման». նրանց T-լիմֆոցիտներն այնպես են «վերադաստիարակվում», որ բջիջները կարողանում են ճնշել վիրուսը: Հիվանդներին 3 ներարկում են կատարել, որից հետո նրանք այլևս չեն ընդունել հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որը ՄԻԱՎ դեմ «ավանդական» թերապիան է:
4 շաբաթ անց 8 հիվանդի մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է, սակայն մյուս 5-ի մոտ գրանցվել է վիրուսի վերահսկողություն 5,13, 20 և27 շաբաթվա ընթացքում համապատասխանաբար: Նրանցից յուրաքանչյուրի արյան մեջ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում էր, սակայն վիրուսի խտությունը չէր գերազանցում 2000 կոպիան 1 խմմ-ում՝ այսինքն ավելի ցածր էր հակավիրուսային թերապիայի վերսկսման շեմից:
Նման դեղամիջոցների նախորդ փորձարկումների ժամանակ դեպքերի միայն 10-ի համար էր հաջողվում վիրուսը հսկողության տակ պահել 4 շաբաթից ավելի: Ոչ մի համադրում մինչ օրս թույլ չէր տալիս ՄԻԱՎ-ը վերահսկել ավելի քան 8 շաբաթվա ընթացքում:
«Մի կողմից, մեզ հաջողվել է ճնշել վիրուսը, մյուս կողմից՝ ուժեղացնել իմունային համակարգն այնպես, որ նա կարողանա արդյունավետ արձագանքել վիրուսի վերադառնալու փորձերին»,-ասել է հետազոտության համակարգողներից Բեաթրիս Մոտը:
«Պատվաստանյութերի ավելի քան 50 թերապևտիկ հետազոտություններից սա առաջինն է, որ «զգալի» արդյունք է տվել իմունային համակարգին»,-կարծում է Սթիվեն Դիքսը Կալիֆորնիայի համալսարանից:
Գիտնականները շեշտում են, որ հարկավոր է ավարտին հասցնել փորձարկումներն ու ավելի լայնածավալ ու վերահսկվող թեստավորում անցկացնել: