24 փետրվարի 2017 - 11:48 AMT
Փաստաբան. Լապշինն իր համար արտահանձնում պահանջելու իրավունք ունի

Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն ասել է, որ հարկավոր է սպասել դատարանի որոշմանն, իսկ հիմա դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրին նա կարտահանձնվի: Ինչպես հայտնի է, նա ՌԴ և Իսրայելի քաղաքացի է:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնման հարցը կարող է քննարկվել և դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն դատավճռից հետո: Եթե Լապշինը մեղավոր ճանաչվի և դատապարտվի Ադրբեջանում, որպես այլ պետության քաղաքացի, ապա ըստ Կոնվենցիայի նա իրավունք կունենա պահանջել, որ իրեն արտահանձնեն»,-ասել է փաստաբանը, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: