Իրաքի կառավարական ուժերը փետրվարի 24-ին հարձակում են սկսել արևմտյան Մոսուլի առաջին թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է երկրի հակաահաբեկչական ծառայության ներկայացուցիչը:
Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով:
Ինչպես հայտարարել է գեներալ-լեյտենանտ Սամի ալ Արիդհին, ուժայինները ազատագրել են ԻՊ գրոհայիններից Մոսուլից դեպի հարավ-արևմուտք գտնվող ռազմակայանն ու գյուղը և մտել են արևմտյան Մոսուլի բնակելի թաղամասեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրաքի բանակը նաև լիարժեք հսկողություն է հաստատել Մոսուլի օդանավակայանում:
Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: