26 փետրվարի 2017 - 12:07 AMT
Ադրբեջանը շփման գծում հրետանի է կիրառել, ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբիցներից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

Ինչպես հայտնում է Արցախի Պաշտպանության բանակ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: