27 փետրվարի 2017 - 09:58 AMT
Իրանի ԱԳՆ. Պատրաստակամ ենք աջակցել ԼՂ-ում կայունության և անվտանգության հաստատմանը

Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով, աջակցել Արցախում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, գրում է Panorama.am-ը։

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հյուսիսային հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»։

«Միջազգային կառույցները, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, պետք է իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն։ Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցով, աջակցել Լեռնային Ղարաբաղում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին»,-հավելել է Բահրամ Ղասեմին։

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Կարդացեք նաև՝ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները