27 փետրվարի 2017 - 16:42 AMT
Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին:

Վրաստանի ըննդիմությունը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի այցի ժամանակ շոշափվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:

«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ անգամ ստում է: Այդ մասին խոսք չի եղել: Կոնկրետ այդ նախագծի վերաբերյալ կառավարությունում քննարկում չի եղել», -ասել է Կալաձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա:

Վարչապետն իր այցը Վրաստան արդյունավետ է համարել, ջերմ ու կառուցողական՝ նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային տեսակետից՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:

Ընթերցեք նաև.ՀՀ վարչապետը՝ Կվիրիկաշվիլիին. Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին