27 փետրվարի 2017 - 17:06 AMT
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը չի բացառել ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիան

«Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Մանուկ Սուքիասյանը չի բացառել, որ ապագայում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորություն կա: Նա նշել է, որ ժամանակն է փոփոխությունների:

«Երկրում արտագաղթը, տնտեսական անկումը հարկադրում են գնալու լուրջ փոփոխությունների: Ծրագրային տասնհինգ կետը իրականացնելու համար պետք է ունենալ ռեալ իշխանություն, իշխանության մաս կազմելը բավարար չէ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ կոալիցիաներում թելադրողը մի կողմն է միայն», - ասել է Սուքիասյանը։

Այս համատեքստում Սուքիասյանը չի բացառել ապագայում ևս Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, գրում է Ա1+-ը:

«Ելք» դաշինքը ներկայացնող Ալեն Սիմոնյանը հակադարձել է, որ 2008թ -ից «Բարգավաճ Հայաստանը» եղել է իշխանության մաս, և երբևէ մեկը չի խանգարել զբաղվել փոփոխություններով:

Սուքիասյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն, լինելով իշխանության մաս, կամովին հրաժարվել է դրանից, թեև կարող էր մնալ կոալիցիայում և քաղել իշխանության մաս կազմելու պտուղները։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանը նշել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում ծրագրային դրույթներին և մարտի 6-ին կհրապարակեն 30 կետից բաղկացած ծրագիրը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: