24 սեպտեմբերի 2007 - 15:18 AMT
Հայաստան է ժամանել Քենթրբերիի արքեպիսկոպոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանել Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում, Անգլիկան եկեղեցու պետի այցը առիթ կհանդիսանա «համատեղ աղոթելու եւ քրիստոնեական եկեղեցիների սիրո եւ միության, համագործակցության մասին խորհելու համար»: «Այս այցն ավելի կամրապնդի Հայ եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերը»,-ասել է վեհափառը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,-ասել է Գարեգին Երկրորդը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը:

«Ամենակալ Տերը կրկին անգամ օրհնում է Մեր եղբայրությունն այսօր, Քրիստոսի սիրո այդ լույսով կրկին ջերմացնում Մեր հոգիները` լույս, որ այս անգամ վառվում է Հայ ժողովրդի 1700-ամյա դարձը խորհրդանշող Լուսավորչի Անմար Կանթեղից» , - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում: «Հոգեմտավոր հարուստ ժառանգություն ունեցող Մեր Եկեղեցիները բազմաթիվ մարտահրավերներ են դիմագրավում հովվական կյանքում, միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններում: Կանգնած ենք Եկեղեցուն հուզող արդիականության բազմաթիվ մշակութային, հասարակական, տնտեսական եւ քաղաքական խնդիրների առջեւ, որոնք կարիք ունեն միասնական ջանքերով համատեղ լուծման: Վստահ ենք, որ Ձերդ Սրբազնության այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին մի նոր խթան կհանդիսանա վերոհիշյալ մարտահրավերները դիմագրավելու ճանապարհին Մեր երկու եկեղեցիների համար», - ընդգծեց Գարեգին Երկրորդը:

«Մենք մեծ ուրախությամբ ենք ժամանել այս սրբավայր, որը շատ երկար էինք փափագում այցելել: Մենք գիտենք, որ սա Հայոց Եկեղեցու սիրտն ու ծննդավայրն է, աղբյուրն է այս ժողովրդի քրիստոնեական կյանքի»,-ասաց Քենթրբերիի Արքեպիսկոպոսը` անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման պատմությանը, Սուրբ Գրիգորի տեսիլքին, դարերի ընթացքին քրիստոնեական վկայությանն ու ժողովրդի քաջարի մարտիրոսությանը: Նա անդրադարձավ նաեւ երկու եկեղեցիների միջեւ առկա երկար տարիների բարեկամությանը, վերհիշեց նաեւ շուրջ հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանության եւ հալածանքների տարիներին Ռենդել Դեյվիդսոն արքեպիսկոպոսի կողմից գործադրված ճիգ ու ջանքերը:

Անգլիկան եկեղեցին առաջացել է 16-րդ դարում Ռեֆորմացիայի տարիներին, երբ Անգլիայի թագավոր Հենրիխ VIII-ը կապերը խզեց Հռոմի հետ: Եկեղեցին գլխավորում է թագավորը, Անգլիակն եկեղեցու եպիսկոպոսները նշանակվում են թագավորի հրամանով: Անգլիկան եկեղեցու պետը Քենթրբերիի արքեպիսկոպոսն է: