28 փետրվարի 2017 - 09:40 AMT
Ստոլտենբերգ. ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն լիովին սատարում է ՄԽ ջանքերը

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

«Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարևորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը»,- ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:

«Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ»:

Նախագահը նշել է, որ Գլխավոր քարտուղարի հետ անդրադարձ են կատարել մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին.

«Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:

Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»,- ասել է նա:

Իր հերթին Յենս Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ:

«Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որը համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին»,- ասել է նա:

«Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով, ներառյալ՝ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է այդ ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերն»,- շեշտել է Ստոլտենբերգը: