28 փետրվարի 2017 - 13:35 AMT
Մահացել է դիվերսիայի ընթացքում վիրավորված ևս մեկ ադրբեջանցի զինծառայող

Փետրվարի լույս 25-ի գիշերն Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիայի ընթացքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներից մեկը մահացել է:

Այդ մասին է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զոհվածն Էլվին Սուլեյման օղլու Ախմեդովն է: Նրա զինվորական կոչումն ու կենսագրական տվյալները չեն նշվում:

Փետրվարի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

Փետրվարի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի կասեցման ընթացքում սպանված դիվերսանտների մարմինների տարհանման գործընթացը ժամանակին չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: