28 փետրվարի 2017 - 15:19 AMT
Արցախում հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակը։

1988 թվականի փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ ջարդերն ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ:

ԽՍՀՄ ղեկավարության լռելյայն համաձայնության պայմաններում եռօրյա ջարդերի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվեցին, սպանվեցին, ընդ որում՝ նրանց մեծ մասը դաժանորեն սպանվեց, իսկ դիակները այրվեցին: Փետրվարի 29-ին Սումգայիթ վերջապես մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, հայ բնակչությանը պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց: Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը: