28 փետրվարի 2017 - 19:52 AMT
Ադրբեջանը SPIKE հակատանկային հրթիռ է կիրառել, ՊԲ-ն կորուստներ չունի

Փետրվարի 28-ին ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Ինչպես հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը, թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Օրվա ընթացքում կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հաստոցավոր ավտոմատ նռնականետեր (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետեր (2 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

SPIKE-ն իսրայելական արտադրության «կրակեցիր՝ մոռացար» սկզբունքով՝ ինքնանշանառվող հրթիռներով հակատանկային համալիր է: