1 մարտի 2017 - 11:15 AMT
Ծովագյուղում արտադրված հնդկաձավարն ապրիլի վերջին կհայտնվի տեղական շուկայում

Հնդկացորենի արտադրությունը Գեղարքունիքի մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի, եթե կառավարությունն աջակցի: Ծովագյուղ այցելած գյուղատնտեսության նախարարի Իգնատի Առաքելյանին այս մասին ասել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հնդկացորենի վերամշակման գործարանը ստեղծվել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել է 5 կոոպերատիվ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:

Նախարարը նշել է, սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը:

Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը: