1 մարտի 2017 - 12:08 AMT
Էլթոն Ջոնը «Խոստումը» ֆիլմը ներկայացրել է «Օսկարին» հաջորդած ճաշկերույթում

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

«Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչը դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ:

Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր:

Asbarez.com-ը գրում է, որ երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

Photo: Elton John AIDS Foundation