1 մարտի 2017 - 14:16 AMT
Պահածոներ և չրեր արտադրող ընկերությունը կընդլայնվի․ Նախարարն այցելել է արտադրամաս

Մարտի 1-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Ավելիաց» գործարան՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին։

Ընկերությունն արտադրում է չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ: Տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն պատվերներ ունի արաբական երկրներից ևս։

Նախարար Կարայանն ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա ծրագրերը։ Թադևոսյանը նշել է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը, ներդրումներ իրականացնել և ակնկալում են հետագա համագործակցություն պետության հետ։

Նախարար Կարայանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցել և սատարել նոր ներդրումներ իրականացնող և բարեխիղճ գործարարներին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը։

Պետությունն արդեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել է ՍՊԸ-ին՝ 2 անգամ տրամադրելով վարկավորում և 3 տոկոսային կետին համարժեք գումարի սուբսիդավորում:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը հաջող օրինակ է 0-ից գործունեություն սկսող բիզնեսի, որը 4 տարվա ընթացքում հասցրել է իր արտադրանքը ճանաչելի դարձնել ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանման պայմանագրեր կնքել արտասահմանյան գործընկերների հետ: