1 մարտի 2017 - 16:50 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանն այսօր էլ փորձում է քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը

Փետրվարի 28-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների տեղադրման արարողություն. ներկաները հարգել են 1988-ի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթի ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարները:

Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է Սումգայիթի դեպքերին՝ նշելով, որ 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգալի իրադարձություններն առ այսօր չեն ստացել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:

«Ադրբեջանն այսօր էլ փորձում է սեփական ժողովրդից խորը քողարկել Սումգայիթի մասին ճշմարտությունը: Այդ նպատակին են ծառայում նաև Աղդամի մոտակայքում 25 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված և կոչում է «Խոջալուի»՝ կատարվածը հայերին վերագրելու և իրական վայրն ու այն իրականացնողներին քողարկելու նպատակով», – նշել է դեսպանը:

Օլեգ Եսայանի խոսքով՝ այսպես կոչված «Խոջալուի դեպքերն» Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և գաղափարաքարոզչական նպատակներով՝ փորձելով ստվերել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած հայ բնակչության ցեղասպանությունը:

Նույն օրը Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տեղի է ունեցել նաև մոմավառություն:

1988 թվականի փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ ջարդերն ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ:

Կարդացեք նաև՝Արցախում հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը