1 մարտի 2017 - 16:32 AMT
Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի նշանակած փաստաբանից

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը մարտի 1-ին հայտնել է փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

Փաստաբանի խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի կարիք չունի և հրաժարվել է վերջինիս ծառայություններից: Հուսեյնովի և Լապշինի միջև պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Այժմ նրա պաշտպանությունն ապահովում է Լապշինի ընտանիքի կողմից նշանակված փաստաբան Էդուարդ Չերնինը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: