Իրանը հայտարարել է, որ չի մասնակցելու մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում անցկացվելիք ըմբշամարտի միջազգային մրցաշարերին:
Իրանական թիմերը Թուրքիա չեն մեկնելու իսլամական հանրապետության սպորտի նախարարության ցուցումով: Նշվում է, որ նախարարության որոշման վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել, Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պատկան մարմինների արգելքի պատճառով չեղյալ է հայտարարվել մեր մասնակցությունը մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում կայանալիք մրցաշարերին»:
Վերջին շրջանում Անկարայի և Թեհրանի միջև առկա լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել էր Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան: