1 մարտի 2017 - 19:21 AMT
Մարտունու ուղղությամբ ՊԲ զինծառայող է զոհվել

Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարտի 1-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն էր անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Շխլյար բնակավայրի մոտակայքում: Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը իր առաջապահ դիրքեր դուրս չէր բերել: