2 մարտի 2017 - 17:22 AMT
MUNDUS VINI գինու հեղինակավոր մրցույթում ՀՀ-ն 23 մեդալ է նվաճել՝ առաջ անցնելով Վրաստանից

Հայաստանը 2017-ին բարձր արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած MUNDUS VINI 20th Grand International Wine Awards միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:

Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություն՝ գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված էին մոտ 6.000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել է մոտ 200 հեղինակավոր մասնագետից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

Հայկական գինիները համտեսելու նպատակով MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ընթացքում «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը: