3 մարտի 2017 - 17:16 AMT
Համացանցում հայտնվել է Ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը

Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Քրիստիան Բեյլը և Ժան Ռենոն: «Կայսրությունները փլուզվում են: Սերը փրկվում է: Օսկար Այզեկը, Շառլոտտա լե Բոնը և Քրիստիան Բեյլը The Promise անվանումով հզոր ֆիլմում»,-ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում #KeepThePromise հեշթեգով տեղադրված թրեյլերի նկարագրության մեջ:

Ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում 2017-ի ապրիլի 21-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր: Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար:

«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: