3 մարտի 2017 - 13:06 AMT
Մհեր Շահգելդյան. ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել, եթե շատ ձայներ հավաքի

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ) կգնա կոալիցիայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա: Այդ մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև չի բացառել, որ շատ ձայներ հավաքելու դեպքում ՀՎԿ-ն կարող է կոալիցիա ձևավորել, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք նախորդ անգամ կոալիցիա կազմելու ժամանակ ՕԵԿ-ն ուներ ազդեցություն քաղաքական որոշումների վրա՝ Շահգելդյանը պատասխանել է.«Նախորդ անգամ իրավիճակն այլ էր։ Այն ծրագրերը, որոնք մենք առաջարկում էինք սկզբում, ստացան արձագանք, հետո ազդեցությունը թուլացավ։ Երբ մենք հասկացանք, որ դա այլևս հնարավոր չէ, դուրս եկանք և շարունակեցինք պայքարել որպես ընդդիմություն այն ծրագրերի համար, որոնց դիմաց ժողովրդի քվեն էինք ստացել»։

Կուսակցության համամասնական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է, երրորդ տեղում՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, չորրորդ և հինգերորդ տեղերում՝ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: