3 մարտի 2017 - 15:10 AMT
Գերմանիայում 2 քաղաք արգելել է թուրք նախարարներին քարոզել հօգուտ Էրդողանի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զայբեկչիին արգելել են քարոզչություն անել Քյոլնի շրջաններից մեկում: Մարտի 2-ին քաղաքի իշխանությունները մերժել են Եվրաթուրքական դեմոկրատների միավորման հայտը ելույթների համար հարթակ տրամադրելու վերաբերյալ: Ենթադրվում էր, որ մարտի 5-ին միավորումը թատերականացված բեմականացում է իրականացնելու, սակայն, հետո ծրագրում հայտնվեց «զեկույց Թուրքիայի նախագահական համակարգի մասին» կետը, որն էլ մերժել է Քյոլնի վարչակազմը:

Նույն օրը, մարտի 2-ին Բադեն Վյուրտեմբերգի երկրամաս Գագենաու քաղաքի իշխանությունները մերժել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդագի նմանատիպ միջոցառումը: Քաղաքի դահլիճներից մեկը վարձակալվել էր այդ նպատակով Էրդողանին մոտ միավորման կողմից, գրում է Deutsche Welle-ն:

Որպես բողոքի նշան Բոզդագը նույն օրը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ: Նա մեղադրել է Գերմանիայի իշխանություններին խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքն անտեսելու մեջ:

2 շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել Էրդողանի 10.000 կողմնակիցների առջև գերմանական Օբերհաուզենում: