4 մարտի 2017 - 09:42 AMT
Ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և 60 մմ ականանետ

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 380 կրակոց:

Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը հակառակորդը շփման գծի ամբողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից արձակել է 111 արկ: