4 մարտի 2017 - 11:51 AMT
Վարչապետ. Մոտ ժամանակներս ՏՏ ոլորտում 5000 աշխատատեղ ենք ունենալու

ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ըստ կանխատեսումների, մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ է լինելու: Այս մասին արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների օրինակով վարչապետը ներկայացրել է կառավարության՝ այդ բնագավառների զարգացման տեսլականը և բարեփոխումների տրամաբանությունը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը: Բայց մենք ունենք մի պարզ խնդիր. յուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում: Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», - նշել է Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:

Կարապետյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու, մասնավորապես, տնտեսական բաղադրիչի ներառումը: Անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է: «Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք:

Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները: «2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունավետության մեծ խնդիր, որոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», - նշել է կառավարության ղեկավարը:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը. «Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ. «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպեսզի կասկածողները համոզվեն կամ քննադատեն: Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ:

Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:

Դեսպաններն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ապրանքաշրջանառության ծավալին և զարգացման հնարավորություններին:

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների գործունեությանը, տնտեսական ատաշեների ինստիտուտի ձևավորմանը, զբոսաշրջության խթանմանը, տարբեր ոլորտներում ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, համապատասխան հարթակների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում փետրվարի 28-ին երջին տարիների զարգացումները փաստում են, որ հայտարարել է, որ Հայաստանը կարողացել է սուղ ռեսուրսների պայմաններում ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Նրա խոսքով, ՏՀՏ ոլորտում Հայաստանում գործում է մոտ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի:

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է մոտ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ», - տեղեկացրել է նախագահը: