4 մարտի 2017 - 12:31 AMT
Պաշտպան. Արթուր Սարգսյանի մոտ ցավեր են ու արյունահոսություն

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սարգսյանի առոջական վիճակի մասին:

Արթուր Սարգսյանն արդեն 23 օր է, ինչ հացադուլի մեջ է:

«Մարտի 1-ի դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը:

Մարտի 2-ի դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը և նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն: Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը և գլխավոր թերապեվտն ու բժիշկը: Այնուհետև կազմել են արձանագրություն, որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից», - գրել է փաստաբանը:

Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Արթուր Սարգսյանի ազատությունը պահանջող մի խումք քաղաքացիներ նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում: