28 սեպտեմբերի 2007 - 14:28 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ պայքարին միացել են Կիպրոսի թուրքերը
Նոյեմբերի 1-ից 4-ը Կիպրոսում կայանալու է «Թալեաթ-փաշայի շարժման» հերթական նիստը շարժման խորհրդակցական խորհրդի նախագահ, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) առաջին նախագահ Ռաուֆ Դենկթաշի նախաձեռնությամբ: Նիստին, որին հրավիրված են Ադրբեջանի, Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչներ, որոշվելու են ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի դեմ «պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը»: Ստամբուլի «Բիլջի» համալսարանի դասախոս Արիֆ Աջալողլուի խոսքերով, այդ նպատակով Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու կողմից 1923 թվականին գրված «Դաշնակցությունը անելիք չունի այլեւս» գրքի 50 հազար օրինակ` անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն, ուղարկվել է ԱՄՆ` տարածման նպատակով, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նշենք, որ Քաջազնունու գիրքը գրվել է Հայաստանում խորհդային կարգերի հաստատումից հետո եւ Դաշնակցություն կուսակցության ակնառու գերծիչների գնդակահարությունից հետո: Քաջազնունին, մասնավորապես, գրել է այն մասին, որ բոլոր իր ջանքերը կուսակցությունը պետք է ուղղի դեպի սփյուռք եւ Հայոց հարցի կարգավորման համար: