6 մարտի 2017 - 18:02 AMT
Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 394-ն է

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնադիրն է, ընդգրկվել է Bloomberg-ի աշխարհի 500միլիարդատերերի ցանկում:

Կարապետյանը վարկանիշում 394-ն է: Նրա կարողությունը գնահատվում է 4,38 մլրդ դոլար: 2016-ի տվյալներով, նա 549-րդ տեղում էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, և 28-րդը՝ ՌԴ ամենահարուստ գործարարների թվում ըստ Forbes-ի, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում Forbes-ի վարկածով:

Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են` «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ին: Եկամուտը գնահատվում է $670 մլն:

Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն: