Ծաղկաձորում ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզիկները մրցել են հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանիշային աղյուսակում բարելավեցին դիրքերը:
«Լեռնադահուկային սպորտում տղաները վաստակեցին վարկանիշային միավորներ: Կարծում եմ, որ մրցաշրջանը լավ դիրքերից կսկսեն: Հուսանք` կունենաք այնքան միավորներ, որ կկարողանանք քվոտա ստանալ: Ցավոք, մենք միայն մեկ քվոտա ենք ակնկալում:
Հայաստանի բաց առաջնության արդյունքները բավարար էին: Երիտասարդներից աչքի ընկան Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Բայց, միևնույն ժամանակ, աշխատելու շատ տեղ ունենք: Երիտասարդ տղաներից ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում:
Մեր աղջիկները դեռ փոքր են: Ընդհատում ունեցանք լեռնադահուկային սպորտում: Այժմ տարեցտարի աճ ենք գրանցում»,- ասել է Սարգսյանը:
նա հավելել է, որ մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարի:
Դեռ որոշված չէ թիմի կազմը Ավստրիայի մրցաշարի համար: Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:
Կարդացեք նաև՝ Առաջին անգամ աշխարհի առաջնությունում ՀՀ դահուկորդը 30 լավագույնների մեջ է