7 մարտի 2017 - 13:33 AMT
Կարապետյան-Մեդվեդև. Քննարկել են Մեղրու ԱՏԳ-ում ներգրավումը, գյուղտեխնիկայի մատակարարումը

Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։

Կողմերն անդրադարձել են հունվարին ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։

Քննարկվել է հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնման ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

2017-ի հունվարի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

ՌԴ կառավարության նախագահն իր խոսքում նշել էր. «Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է:

Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք»: