7 մարտի 2017 - 14:49 AMT
Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են սահմանամերձ քաղկառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին

Մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:

Նախարար Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝ նախանշել ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին Տոնոյանն ու Կասպրշիկն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվել է կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը: