7 մարտի 2017 - 16:06 AMT
Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է Օմբուդսմենի ինստիտուտցիոնալ դերը ՀՀ-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթություններ: Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկյայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմանի հաստատության ինստիտուտցիոնալ դերը Հայաստանում:

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերին և կատարված աշխատանքներին, ինչպես նաև այն երաշխիքներին, որոնք կոչված են ապահովելու գործնական աշխատանքի բարձր անկախությունը:

Կողմերը երկուստեք պայմանավորվել են շարունակել փոխադարձ աշխատանքային քննարկումները և զարգացնել Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառման առաջին օրը Թաթոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները,որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցությանմակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այնփոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետաշխատանքին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ: