7 մարտի 2017 - 17:20 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Բաքու մարտի 11-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ին կմեկնեն Ադրբեջան:

Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Համանախագահները Բաքվում քննարկելու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

Փետրվարի 17-ին Մյունխենում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: