Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնել է Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար սա առաջին միջազգային մրցաշարն է գլխավոր մարզչի պաշտոնում, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև և Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:
2017-ի հունվարին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը:
Նա 1996 թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն: